Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական հակաիսրայելական հայտարարություններ, գրում է Jerusalem Post-ը:
«Մեկնաբաններից մեկը, համաձայն թուրքական T24-ի տվյալների, հայտարարել է, որ Թուրքիան կարող է «մտնել Թել Ավիվ 48 ժամվա ընթացքում»: Նա պնդել է, որ «թուրքերը նման չեն արաբներին», ինչը բացահայտ հղում է 1948 եւ 1967 թվականներին Իսրայելին հաղթելու արաբական բանակի անկարողությանը:
Ինչպես տեղեկանում ենք -ից՝ News.am-ից՝ Թուրքական հեռուստատեսությամբ մեկնաբանությունն աննորմալ երեւույթ չէր: Իսրայելի հանդեպ ատելությունը, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, «Ալ Աքսան ազատագրելու» խոստումներն ու ազգայնական, հակասիոնիստական եւ հակասեմական հայտարարություններ տարածելը նորմալ երեւույթ են Թուրքիայում»,-նշում է պարբերականը:
«2018 թվականի մարտին թուրքական օրաթերթն առաջարկել է իսլամիստական բանակ ձեւավորել Իսրայելը ոչնչացնելու համար: 2019 թվականին, MEMRI-ի տվյալներով, թուրք պաշտոնաթող գեներալ Ադնան Տանրիվերդին, ով ղեկավարել է SADAT քոնսալթինգային ֆիրման, խոսել է նաեւ Երուսաղեմն Իսրայելից ազատագրելու անհրաժեշտության մասին՝ ասելով. «Իսրայելը պետք է իմանա, որ եթե ռմբակոծում է Պաղեստինը, ապա ռումբը կընկնի նաեւ Թել Ավիվի վրա»:
Կարծես, այդ հայացքները հիմնական են դառնում Թուրքիայի իշխող կուսակցության համար: Իսրայելը դիտարկվում է որպես Թուրքիայի գլխավոր թշնամի: Թուրքիան աշխատում է Վաշինգտոնի մի քանի լոբբիստների հետ՝ փորձելով ստիպել ԶԼՄ-ներին երկիրը ներկայացնել ավելի բարենպաստ տեսանկյունից եւ նույնիսկ փորձել ազդել իսրայելական որոշ ԶԼՄ-ների վրա «հաշտեցման» կեղծ պատմություններով: Սակայն Իսրայելում Թուրքիայի նոր ներկայացուցիչը հայտարարել է, որ սիոնիզմը ռասիզմ է եւ Իսրայելին մեղադրել միլիոնավոր մարդկանց տեղահանելու եւ բազմաթիվ սպանություններ կատարելու մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գրասենյակը խոստացել է ազատագրել «Ալ Աքսան» եւ հայտարարել է՝ «Երուսաղեմը մերն է»:
Միեւնույն ժամանակ, ուժգնանում է փոքրամասնությունների, ոչ մուսուլմանների, Իսրայելի, Հունաստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ տարածաշրջանի այլ երկրների հանդեպ ատելությունը:
42300